Ծույլ տղա

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ: – Ի՞նչ արհեստ սովրիմ, – փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք – տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ: – Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի: – Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ: – Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ վազվզել: Չէ´, այդ էլ բան չէ: – Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից կանչեմ – «Քար ու կի´ր տվե˜ք, ցե´խ ուղարկեցե˜ք, աղյո´ւս ձգեցե˜ք»: Այսպես կգոռամ և կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե՞մ: Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է: – Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ, ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ, թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:


Առաջադրանքներ

  1. Գրել կարմիր գծված բառերի հականիշը:
    երկար –
    դժվար –
    բարձր –
    լավ –

2. Տեքստից դուրս գրիր 2-ական գոյական, ածական, բայ:

գոյակար –
ածական –
բայ –
3. Հետեվյալ բառերը դարձնել հոգնակի:
տղա, վարպետ, մեծ, ձի, աշխարհ, որդի, ընկեր, ձերք, ոտք, աղյուս, դաբին, գիր, մուրճ, ծունկ
4. Ինչու՞ է վերնագիրը կոչվում Ծույլ տղա:
5. Տղան ի՞նչ արհեստ սովորեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *