Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Մաս 2

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովից ծնված Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, մարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո  քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը/ հեթանոսության ժամանակ քահայի փոխարեն/ գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև  երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *